![]() |
Համագործակցության հրավեր
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, լինելով միակ պետական համերգա-հյուրախաղային կազմակերպությունը, 2011թ. իր գործունեության գերակայությունը համարում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Ներկայացվող միջոցառումների ծրագիրն ունի ելակետային հետևյալ դրույթները . երաժշտա-կատարողական արվեստի յուրահատկություններից ելնելով' բարձրացնել հայ հանդիսատեսի հայրենասիրական և մարտական ոգին: Ծրագրային դրույթներում հատուկ քաղաքականություն է դրսևորվել հայկական բանակի նկատմամբ: Այդ են վկայում զորամասերում անցկացվող համերգաշարերը, որոնք համերգաշարեր լինելուց բացի, նաև կամքի, ոգու, հավատի, հաստատակամության տոնահանդեսներ են:
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը ներկայացվում է նորովի: Արտերկրում ապրող սփյուռքահայի առաջ բացվում են ոչ միայն հայրենիքի դռները, այլ նա տիրոջ իրավունքով է մտնում իր երկիր' ի մի բերելով իր ստեղծագործական շնորհը:
Ծրագրի քաղաքականությունը նպատակաուղղված է ՀՀ մարզերում բազմաբնույթ միջոցառումների կազմակերպմանը: Առաջարկվում է' Երևանը բեռնաթափել տասնյակ միջոցառումներից, փոխարենը մշակութային կյանքից հեռացած մարզային հանդիսատեսին դարձնել մշակութային իրադարձությունների մասնակից:
Ծրագրային հիմնական դրույթները միահյուսվում են քսանամյա մեր ամենամեծ նվաճման ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը' Հայպետֆիլհարմոնիան նպատակ ունի իրական և պատմական փաստերի հոլովույթում ցուցադրել Անկախ Հայաստանի իրական ձեռքբերումները:
Ներկայացվող ծրագրում ընդգրկված են համապետական և համազգային խնդիրներ, որոնք նախատեսվում են իրագործել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև պետական, մասնավոր կառույցների և մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի
տնօրեն` Գագիկ Մանասյան